Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պաշտոնական Անկարան հերթական ապտակն է հասցնում Վրաստանի իշխանություններին: Թուրք պատգամավորների պատվիրակության այցը Աբխազիա լուրջ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում: Վերոնշյալի առնչությամբ իր խիստ դիրքորոշումն է արտահայտել Վրաստանի արտգործնախարարությունը, ըստ որի՝ Թուրքիայից ետ է կանչվելու Վրաստանի դեսպանը, ով պետք է բացատրություն տա տեղի ունեցածի հետ կապված, իսկ մինչ այդ վերջինս պետք է պարզի, թե ինչպես եղավ, որ Թուրքիայի խորհրդարանը, որն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, պատգամավորներ է ուղարկում Աբխազիա: Բոլորովին վերջերս նույնանման խնդիր էր առաջացել թուրք լրագրողների ավելի քան 80 հոգանոց պատվիրակության Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, որից հետո Թուրքիայի դեսպանը հրավիրվել էր Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություն տալու, և թուրք դիվանագետը հավաստիացրել են վրացական կողմին, որ «պաշտոնական Անկարան հավատարիմ է մնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու սկզբունքին, և դեպքը որևէ ընդհանրություն չունի Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ»: Սակայն հետաքրքիր է՝ այս անգամ ինչպես կբացատրեն թուրք օրենսդիրների՝ Աբխազիա կատարած այցելությունը:
Հ.Գ. Չի բացառվում՝ նշված դեպքից հետո քննադատության լուրջ ալիք բարձրանա, ինչը կարող է էլ ավելի խորացնել վերջին շրջանում վրաց հասարակության շրջանում արմատավորվող հակաթուրքական տրամադրությունները: