Հայկական հանրահայտ «Ռեինկարնացիա» ռեգգի խումբը այժմ գտնվում է Էմիր Կուստուրիցայի հարազատ Կուստենդորֆ գյուղում: Նրանք այնտեղ են հայտնվել անձամբ աշխարհահռչակ կինոռեժիսորի հրավերով: Այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում ասաց «Ռեինկարնացիա» խմբի անդամ Հայկ Ղազարյանը:
«Ռեինկարնացիա» խմբի տղաները միջազգային «Կինոյի և երաժշտության» փառատոնին մասնակցելու հրավերը ստացել են կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի Հայաստան վերջին այցելության ժամանակ: Ինչպես հայտնի է, վերջերս Կուստուրիցան ուրախացրեց իր հայաստանցի երկրպագուներին համերգով, որից հետո տեղի է ունեցել աֆթերփարթի:
Աֆթերփարթիին իրենց երգերով հանդես է եկել «Ռեինկարնացիա» խումբը, որտեղ և Կուստուրիցան նկատել է նրանց և հրավիրել փառատոնին:
Նշենք, որ Կուստենդորֆի «Կինոյի և երաժշտության» ամենամյա փառատոնը գործում է սկսած 2008 թվականից, Դրվենգրադ գյուղում, որը գտնվում է Սերբիայի և Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ սահմանին: «Կուստենդորֆի» հիմնադիրն ու տնօրենը անձամբ Կուստուրիցան է: Նա է նաև հիմնադրել Դրվենգրադ գյուղը, որը փառատոնի շնորհիվ սկսեց անվանվել Կուստենդորֆ:
Փառատոնի ծրագրի մեջ է մտնում գեղարվեստական ֆիլմերի և երաժշտական ներկայացումների ցուցադրություն: Փառատոնի արդյունքում հանձնվում են տարբեր մրցանակներ, ինչպիսին են օրինակ՝ ոսկե ձուն, արծաթե և բրոնզե ձվերը և այլն: Կուստուրիցայի խոսքերով, գաղափարը, որը նրան ոգեշնչել է ստեղծել Կուստենդորֆը, կայանում է նրանում, որ ստեղծվի փառատոն, որը ազատ կլինի «Հոլիվուդի շնչից»: Նա համարում է, որ Հոլիվուդը «օկուպացրել է մարդկությանը սպառողական հիմարությամբ» և վտանգ է հանդիսանում հեղինակային կինոյի և կինոմատոգրաֆի համար:
Կուստենդորֆի գոյության ընթացքում փառատոնին հրավիրված են եղել այնպիսի հյուրեր, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը, Ջիմ Ջարմուշը, Ջոնի Դեպպը, Կիմ Կի Դուկը և այլ հայտնի կինոմատոգրաֆիստներ:
Մեզ հետ զրույցում Հայկ Ղազարյանը պատմեց, որ առաջարկն անելուց հետո Կուստուրիցան այն անուշադրության չի մատնել, այլ պնդել է նրանց մասնակցության վրա: Ընդ որում, հրավերը եղել է նրա կողմից և ուղևորության ամբողջ ֆինանսական ծախսերը հոգում է փառատոնի կազմակերպիչը, ինչպես նաև «Mezzo production»-ը: Մեզ հետ զրույցի պահին, նրանք արդեն իսկ հանդիպել էին Կուստուրիցային:
Շնորհավորում ենք «Ռեինկարնացիա» խմբի տղաներին նման հաջողություն գրանցելու առիթով՝ ցանկանալով հաղթանակ: