Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել ծով երկու ամսվա ընթացքում առաջին անգամ՝ կապված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Սեուլ կատարած այցի հետ, տեղեկացրել է Reuters-ը։

Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ փոքր հեռահարության մի քանի հրթիռներ թռել են մոտ 300 կիլոմետր հեռավորությամբ, դրանք արձակվել են երկուշաբթի առավոտյան, ժամը 7.44-ի եւ 8.22-ի ընթացքում։

Հրթիռներն արձակվել են Փհենյանից, դրանք ընկել են արեւելյան ափի մոտ։

Հարավային Կորեան դատապարտել է այդ արձակումները՝ դրանք անվանելով «ակնհայտ սադրանք», եւ հայտնել է, որ դրանց մասին տեղեկություն է փոխանցել Միացյալ Նահանգներին եւ Ճապոնիային։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արձակվել է երեք հրթիռ, որոնք թռել են մոտ 350 կիլոմետր հեռավորությամբ, 50 կիլոմետր առավելագույն բարձրությամբ։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դատապարտել է այդ արձակումները։ «Հյուսիսային Կորեայի գործողությունների շարքը սպառնում է մեր տարածաշրջանի եւ միջազգային հանրույթի խաղաղությանն ու անվտանգությանը եւ անընդունելի է»,- նշել է Կիսիդան՝ արձակումներն անվանելով ՄԱԿ բանաձեւերի խախտում։

Վերջին շաբաթների ընթացքում հյուսիսկորեացի զինվորականները զորավարժություններ են անցկացնում սովորական սպառազինությունների կիրառմամբ, հաճախ՝ մեկուսացված պետության առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական վերահսկմամբ։

Բլինքենը Հարավային Կորեա է այցելել՝ մասնակցելու «Հանուն դեմոկրատիայի» գագաթաժողովին, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությունն է՝ ուղղված ամբողջ աշխարհում դեմոկրատիայից նահանջը եւ իրավունքների ու ազատությունների էրոզիան դադարեցնելու ուղիների քննարկմանը։