«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլեւս չկա։

«Ժառանգության» առաջնորդը նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։

Վերջին շրջանում վատ են նաեւ կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները եւ երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում