«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:

Նախաձեռնության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Պայքարը շարունակվելու է իրավական դաշտում վարորդներին եկած տուգանքները բողոքարկելու միջոցով: Մեր շարժմանը հասարակական հիմունքներով ներգրավված են իրավաբաններ, որոնք ՃՈ կողմից վարչական իրավախախտման համար տուգանված քաղաքացիներին օգնում են հայցադիմումներ կազմել, հետագայում բողոքարկել դրանք ՀՀ վարչական դատարանում:

Իրավաբանների եւ ՄԻՊ-ի գրասենյակի մասնագետների հետ շարունակաբար քննարկվում է կարմիր գծերի իրավաչափությունը՝ Սահմանադրական դատարանում այն վիճարկելու համար: ՃՈ օրենքում, վերջին փոփոխությունների ներդրման եւ կիրառման հետ կապված, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը կատարել մարդասիրական քայլ, գնալ ընդառաջ քաղաքացիներին եւ մինչեւ ս.թ. հուլիսի 26-ը ՃՈ վարչական իրավախախտումների մասին որոշումներով հաստատված տուգանքների եւ դրանց վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում: Այդ դեպքում նախաձեռնությունը կդադարեցնի բողոքի եւ անհնազանդության ակցիաները, հակառակ դեպքում ՀՀ սահմաններում իրավիճակի կայունացման պահից անմիջապես հետո նոր թափով կվերսկսվեն տարատեսակ բողոքի եւ անհնազանդության ակցիաները: