«Վերջին շաբաթներին սահմաններին լարվածությունը անհրաժեշտություն է առաջացնում ոչ միայն ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, այլև՝ որոշակի փոփոխություն կատարել համանախագահների կազմում»,-այսօրվա դատական նիստում հայտարարել է Երևանի կենտրոնում անցյալ տարվա դեպքերի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Ըստ  Շ.Հարությունյանի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծում չի կարելի ակնկալել այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը համանախագահ երկրների շարքում է:  Վերջինս միակ երկիրն է, որը 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի ուժով Թուրքիայի առջև պարտավորություն ունի հօգուտ Ադրբեջանի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Շահագրգիռ և կանխակալ, կազմաքանդվող Ռուսաստանը պետք է փոխարինվի եվրոպական մեկ այլ երկրով, Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում ինքնին նշանակում է, որ համանախագահների կազմում է Թուրքիան: Ուստի Շ.Հարությունյանը գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում նախատեսվող հանդիպումների ընթացքում պետք է հայտարարի Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության մասին:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին և նրա որդուն։ Բախումների հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: