Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հետխաղային ճեպազրույցում մեկնաբանել է Եվրո-2024 ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Ուելսի հավաքականի հետ ոչ ոքի արդյունքը՝ 1:1:

«Էմոցիոնալ խաղ էր: Դուրս էինք եկել հաղթելու: Շատ գոլային պահեր ստեղծեցինք: Ցավոք, չկարողացանք երկրորդ գնդակը խփել: Ուելսը ուժեղ կողմեր ուներ՝ եզրային նետումները, անկյունայինները: Կարողացան օգտագործել եւ գոլային պահ ստեղծել: Դա երեւի նրանց միակ շանսն էր: Չեմ հիշում, թե մենք քանի գոլային պահ ունեցանք: Մեզ չբավականացրեց վերջավորությունը: Մի դեպքում դարպասաձողը, մյուս դեպքում նրանց դարպասապահը լավ խաղաց եւ փրկեց դրությունը:

Շատ ափսոս էր, որ բաց թողեցինք հաղթանակը: Եթե այսօր հաղթում էինք, մեզ մեծ խաղ էր սպասվում Խորվաթիայում:

Հանդերձարանում տխուր տրամադրություն էր: Եթե հավաքականն այսպես շարունակի, մի օր մեր նպատակին հասնելու ենք»,- ասաց Վահան Բիչախչյանը:

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի