Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Սիրտս թողել եմ մրցահարթակում, բայց լեզուս ասում է՝ արդեն ժամանակն է: Եթե ամեն ինչ լավ լինի, վնասվածքներս բուժեմ, կմասնակցեմ աշխարհի առաջնությանը:

Այսպես մարզական կարիերան ավարտելու մտադրությունը մեկնաբանեց 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

6 տարվա դադարից հետո մեծ սպորտ վերադարձած, երկու երեխաների մայր Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Սոֆիայում անցկացված առաջնությունում մրցելույթներն ավարտելուց հետո 36-ամյա ծանրորդը մարզակոշիկները հանեց եւ ակնկարկեց կարիերան ավարտելու մասին:

«Գոհ եմ այն արդյունքներից ու մեդալներից, որ նվաճեցի մարզական կարիերայումս դադար ունենալուց հետո: 6 տարվա դադարից, երկու երեխա ունենալուց հետո մեծ սպորտ վերադառնալն արդեն հերոսություն էր: Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել իմ խոստումը՝ մեծ սպորտ վերադառնալուց հետո բարձրացնել մեր դրոշը: Նշանակություն չունի, թե ինչ գույնի մեդալ է եղել, ինձ համար հերոսություն էր: Կարիերաս ավարտելու մասին հիմա պաշտոնապես ոչինչ չեմ կարող ասել: Մարզչական խորհրդով կորոշեն:

Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր»:

Քանի որ աղջիկների թիմը Օլիմպիական խաղերի չի կարող գնալ, դեկտեմբերին աշխարհի առաջնություն ունենք: Ամենայն հավանականությամբ, կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Ես ունեմ բավականին լուրջ վնասվածքներ: Առաջին հերթին դրանք կբուժեմ, որից հետո կմտածեմ աշխարհի առաջնության մասին: Եթե կարողանամ մեդալի հավակնորդ լինել, կգնամ, իսկ եթե ոչ, մարզիչները կասեն՝ ինչ անեմ:

Սիրտս ասում է՝ սիրտս թողել եմ մրցահարթակում, լեզուս ասում է՝ արդեն պետք է վերջ դնեմ սպորտին: Տեսնենք՝ ինչպես կստացվի: Աստված տա, ամեն ինչ լավ լինի»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Փետրվարի 20-ին Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ երկամարտի 227 կգ արդյունքով (105+122):