Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ - օֆֆի «Բորուսիա» - «Օդդ» պատասխան խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ Գերմանական Der Westen պարբերականի և աշխարահռչակ Goal.com կայքի կողմից:

«Մխիթարյանի ուժեղ խաղն ընթացիկ մրցաշրջանում արդեն օրինաչափություն է դառնում: Այս հանդիպմանը նա գերազանց էր կառավարում գնդակը, և արդյունքը խփած սուպերգոլն ու Ռոյսին կատարված երկու անհավանական ճշգրիտ գոլային փոխանցումները եղան»,- գրել է Der Westen-ը՝ Մխիթարյանի մասին:

Իսկ Goal.com-ը գրում է. «Մխիթարյանն անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին: Նրա փոխանցումներն ու հնարքները արդյունավետ էին, և գոլն ու երկու գոլային փոխանցումները դրա արժանի փոխհատուցումը եղան»:

Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումն ավարտվել է 7:2 հաշվով՝ դորտմունդցիների հաղթանակով:

Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 7 խաղերում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: