Աադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպա լիգայի երրորդ տուրի արտագնա հանդիպման նախախաղային ասուլիսում Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը.

«Ներկա պահին Մխիթարյանն անփոխարինելի է, նրա մարզավիճակը թույլ չի տալիս, որ մեկ ֆուտբոլիստը կարողանա լիարժեք փոխարինել նրան։ Փոխարենը՝ այնպիսի երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսին օրինակ Յոնաս Հոֆմանն է, կարող են դուրս գալ խաղադաշտ և ապացուցել, որ արժեքավոր խաղացողներ են թիմի համար։

Ցավալի է, որ Մխիթարյանն այս խաղում մեզ հետ չէ: Սակայն այս որոշումը բոլորիս շահերից է բխում»,- Տուխելի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Բաքու, քանի որ ակումբի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի անվտանգությունն ապահովելու հետ կապված կարող են խնդիրներ լինել։