Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է զգալի ուժեղացնել կազմը: Թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչի վնասվածք ստանալուց հետո կենտրոնական հարձակվողի խնդիրը դարձել է օրակարգային:

Դեռևս անցյալ տարի շատ էր խոսվում, որ «Յունայթեդ» կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Շատերը նույնիսկ շտապում էին կարծիք հայտնել, որ Գրիզմանը հարձակման գծում կհամագործակցի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Խուան Մատայի հետ, և այս եռյակը ուժեղագույններից կլինի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Վերջերս, սակայն, պարզ դարձավ, որ ֆրանսիացի հարձակվողը կարծես թե չի պատրաստվում լքել իսպանական ակումբը:

Վերջին օրերին խոսվում է Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրելու մասին: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբի՝ Լևանդովսկու նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը, կարծում ենք, հենց այնպես չէ: Հիշենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Լևանդովսկին առջևի գծում խաղացել է Մխիթարյանի հետ և աչքի ընկել բարձր արդյունավետությամբ: Վերջին տարիներին Մխիթարյանի խաղի որակը զգալի առաջընթաց է ապրել, և հիմա Մխիթարյան-Լևանդովսկի խաղային զույգը ևս կարող է ուժեղագույններից մեկը դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Երեկ, սակայն, «Բավարիան» հերքել է Լևանդովսկու տեղափոխվելու վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցելու մասին շրջանառվող լուրերը: Գերմանական ակումբը նշել է, որ Լևանդովսկին երջանիկ է «Բավարիայում» և այլ թիմ տեղափոխվելու մտադրություն չունի: Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին:

Իսպանական Sky Sports պարբերական համաձայն՝ «Յունայթեդը» և «Բավարիան» մի քանի օր առաջ սկսել են բանակցությունները Լևանդովսկու տրանսֆերի շուրջ: Նույն աղբյուրի համաձայն՝ այս հարձակվողի տեղափոխվելու վերաբերյալ «Բավարիայի» հետ բանակցում է նաև Լոնդոնի «Չելսին»:

Sky Sports-ի համաձայն՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է համալրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»: Իսպանիայի իշխանությունները Ռոնալդուին մեղադրել էին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, որից հետո պորտուգալացի հարձակվողը հայտարարել էր, որ ցանկանում է լքել մադրիդյան ակումբը: Sky Sports-ի հավաստմամբ՝ Ռոնալդուն իր մտերիմներին ասել է, որ մտադիր է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Ռոնալդուն 80 միլիոն ֆունտով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Նշենք, որ Ռոնալդուի ծառայությունով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Միլանը»:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է նաև Մադրիդի «Ռեալի» մեկ այլ հարձակվող՝ Ալվարո Մորատան, որ ավարտված մրցաշրջանում հազվադեպ էր հայտնվում Արքայական թիմի կազմում: Հիշեցնենք, որ տևական ժամանակ Մորատան վարձավճարով հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», որի կամզում մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի 2014/2015թթ. խաղարկության եզրափակչին:

«Մանչեսթեր Յունայթեդը» որս է սկսել նաև իտալական «Տորինոյի» 23-ամյա հարձակվող Անդրեա Բելոտիի նկատմամբ, ով անցկացնելով փայլուն մրցաշրջան՝ գրավել է մի շարք եվրոպական ճանաչված ակումբների ուշադրությունը: Մասնավորապես, տարբեր աղբյուրների համաձայն՝ Բելոտիի տրանսֆերի շուրջ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», «Տորինոյի» հետ բանակցում են նաև ՊՍԺ-ն և «Միլանը»:

Չի բացառվում նաև, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ տեղափոխվի նաև «Էվերտոնի» և Բելգիայի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն: Վերջինս 2016/2017թթ. Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցելով 37 խաղի՝ խփել է 25 գոլ: Ի դեպ, Լուկակուին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Չելսին»: Վերջինը 3 տարի առաջ Լուկակուի դիմաց «Էվերտոնին» էր տրամադրել 28 միլիոն ֆունտ: Այսօր «Էվերտոնը» Լուկակուի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն ֆունտ: