Ադրբեջանցի տենորին չհաջողվեց ձախողել հայ սոպրանոյի փայլուն ելույթը։ Տարաբնույթ քննարկումների առիթ դարձած համերգը Դրեզդենի օպերայի բեմում կայացավ։

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի օպերային թատրոնում կայացած SemperOpernball համերգին հանդես է եկել Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայի կատարմամբ։

Հայ երգչուհու փայլուն կատարումը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Գերմանիայի կենտրոնական հեռարձակող ընկերությունը։

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ եվրոպական խստապահանջ հանդիսատեսը հայ երգչուհու կատարմանն արձագանքել է hոտնկայս ծափահարություններով։

Նշենք, որ Դրեզդենի օպերայի «SemperOpernball» ամենամյա համերգային ծրագիրը գերմանալեզու Եվրոպայի դասական երաժշտության ամենահայտնի իրադարձությունն է։ Այն 2006 թվականից միավորում է հազարավոր հանդիսատեսների։ 5 ժամանոց համերգային ծրագիրը դիտելու համար ամեն տարի Դրեզդենի օպերա են այցելում համաշխարհային մակարդակի աստղեր, արվեստագետներ, գիտնականներ ու քաղաքական գործիչներ։

Հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` տենոր Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը (փետրվարի 7–ին) նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Փառատոնի կազմակերպիչները հայտարարեցին, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ Agence Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալությունը, որի հետ աշխատում է Մանթաշյանը, իր հերթին հայտարարեց, որ Մանթաշյանն իսկապես պետք է հանդես գար փառատոնի բացմանը, սակայն ելույթը չեղարկվել է։ Ավելի ուշ SemperOpernball–ի ղեկավարությունը հարցը լուծեց, և երգիչները փետրվարի 7-ին ելույթ ունեցան նույն բեմում։

 Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am