Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Մասնավորապես ս.թ. փետրվարի 26-ին Գոռ Մադիկ Գրիգորյան տվյալներով գրանցված ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ ՀՀ-ի հատուկ ծառայություններն անգործության են մատնված:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է։ Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018թ-ի սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։ Դրա մասին են վկայում նաև «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում: Պարզվել է, նաև որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն: Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Գոռ Մադիգ Գրիգորյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը Ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող «Давуд Гаджиев» օգտատերը: Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում: