««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում ար­դեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպա­տակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվական­ներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ նաեւ, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, եւ հնարավոր է, որ այս գործընթացին որեւէ մաս­նակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ:

Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը», - «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում