ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել էկորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է գործակալության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:

«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Mefloquine»-ի ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:

Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։

Գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա։