Կնոջս՝ Դիանա Դարբինյանին զանգել են պոլիկլինիկայից ու ասել, թե կիրոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, մինչդեռ նա թեստ չի հանձնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բնակիչ Վազգեն Մարգարյանը՝ նշելով, թե զանգողը ներկայացել է Վանաձորի թիվ 17 պոլիկլինիկայի աշխատակից:

«Երբ կինս ասաց, որ թեստ չի հանձնել, ասացին՝ ուրեմն՝ կոնտակտավոր է եղել: Բայց վերջին շրջանում ում հետ շփվել ենք, որևէ մեկի մոտ կորոնաիրուս չի հաստատվել: Երբ բացատրեցինք, զանգահարողն ասաց, թե ուրեմն՝ հեռախոսով ենք զրուցել վարակակրի հետ»,-ներկայացրեց քաղաքացին՝ նշելով, թե այդ զանգից մի քանի ժամ անց էլ կնոջը զնագահարել են Ոստիկանությունից՝ հորդորելով ինքնամեկուսանալ, այնուհետև՝ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայից:

«Ստացվում է՝ թիվ 3 պոլիկլինկայից ինֆորմացիան ուղարկել են Երևանի թիվ 17 պոլիկլինկիկա, բայց մեզ հստակ չասացին՝ ում հետ ենք շփվել կամ հեռախոսով զրուցել: Ինֆորմացիան հստակ չէ, բայց մեզ ասում են՝ վարակված եք: Հետո ասացին՝ դե հստակ չէ, պարետատնից են տվել տվյալներ»,-հայտնեց նա:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ կնոջ անձնական տվյալները, հեռախոսահամարը համապատասխանում են, բայց հստակություն չկա, իրենք էլ ախտանշաններ չունեն:

«Խնդիրն այն է, որ եթե պոլիկլինիկայից զանգել, ասում են՝ թեստը դրական է, ոստիկանությունից էլ զանգում, պահանջում են, որ ինքնամեկուսանանք, ստացվում է՝ մեզ հաստատ գրանցել են որպես վարակակիր: Այսինքն՝ վարակակիրների՝ վաղը հրապարակվող թիվը առնվազն մեկով պետք է կեղծ լինի»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Վերջինս հրապարակել է նաև կնոջ և ոստիկանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը ներկայացնում ենք ստորև:

աղբյուրը՝ այստեղ