Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Լոռու մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռ. Խաչատրյանն էր, ով ՎԱԶ 21099-ի վարորդն է եղել։

Ոստիկաններն ու քննիչները այդ տեղեկությունը պարզում են։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։