Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին է դիմել «զենքի որոշ տեսակների» մատակարարման հարցով: Թե հատկապես ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, նախագահը չի հստակեցրել:

«Ես Ռուսաստանի նախագահին դիմեցի զենքի որոշ տեսակների հարցով: Ես նրան ասացի, որ երբ Դուք ժամանեք, կտեսնենք, թե ինչ է մեզ պետք և որտեղ է պետք ամրապնդել Միութենական պետության շրջանակում»,- ասել է նախագահ Լուկաշենկոն Մինսկում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, մեջբերում է ԲելՏԱ-ն:

Լուկաշենկոն նշել է «քաղաքացիների շահերն ավելի համարձակորեն պաշտպանելու» անհրաժեշտությունը:

«Վախենալու բան չկա, մենք պատրաստ ենք դրան: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ավելի համարձակ լինել ինչպես բելառուսների, այնպես էլ ռուսների շահերը պաշտպանելու հարցում: Այնպես է ստացվել, որ մենք այս առումով մենակ ենք, բայց ոչ ամենաթույլը»,- ասել է նա: