RFI-ը փոխանցում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, թե Հունաստանի և Կիպրոսի հետ Եվրոպայի համերաշխությունը չպետք է լինի քննարկման ենթակա թեմա։ Մակրոնն այդ մասին հայտարարել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ լարվածության թեմայով ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

«Մենք պայմանավորվել ենք, որ դեկտեմբերի սկզբին կարող են պատժամիջոցներ սահմանվել Թուրքիայի դեմ, եթե Անկարան երկխոսության մեր կոչին կառուցողական պատասխան չտա և չհրաժարվի Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ միակողմանի գործողություններից»,- ասել է Մակրոնը։

Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ ԵՄ-ն մտադիր է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ևս մեկ փորձ կատարել՝ համագործակցություն ստեղծելով առևտրի և միգրացիայի հարցերով, բայց միությունը երբեք չի անտեսի իր անդամ պետությունների շահերն ու ինքնիշխանության հանգամանքը։

Հիշեցնենք, որ Անկարան ԵՄ-ին զայրացրել է հետախուզական նավեր ուղարկելով վիճելի ջրատարածքներ, Հունաստանը դրան արձագանքել է Ֆրանսիայի աջակցությամբ զորավարժությունների անցկացմամբ, ինչը հարուցել է լայնածավալ հակամարտության հետ կապված մտավախություններ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գագաթնաժողովի հրավերքում նախազգուշացրել էր, որ եթե Անկարան չհակվի կառուցողական բանակցությունների, ապա «սեղանին են մնում բոլոր տարբերակները»։ Ամեն դեպքում, պաշտոնատար անձինք շեշտում են, որ այս պահին իրենք պետք է կենտրոնանան դիվանագիտական լուծման որոնման վրա։