Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ:

Հայտարարությունում ասվում է.

«-Այսօր, միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, մարտական ծանր տեխնիկայով անկանոն հրետակոծման և ռմբակոծման միջոցով՝ հարձակման է ենթարկվում Արցախի հայկական մշակութային ժառանգությունը:

-️Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը: Խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակը հողին հավասարեցրեց Նախիջևանի Հին Ջուղա միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար հսկայական փորագիր խաչքարեր և գերեզմանաքարեր:

-️Ընդհանուր առմամբ, 1997 և 2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Նախիջևանում ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5.840 զարդանախշ խաչքար և 22.000 պատմական գերեզմանաքար:

Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է:

-Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների` տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:

Ներկայում ևս կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են:

️Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը: Ժառանգություն, որը համաշխարհային բարօրության հասնելու միջոցներից է»: