Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մուսուլմանական հավատի ֆրանսիական կոմիտեին (CFCM) առաջարկել է 15-օրյա ժամկետում ընդունել հանրապետական արժեքների խարտիա, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից եւ դպրոցից, կառավարության կողմից հատուկ պատրաստված իսլամական ծայրահեղականության զսպման շրջանակում, փոխանցում է BBC-ն։

Ֆրանսիայի մուսուլման առաջնորդները համաձայնվել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները ստանալու են քարոզչական գործունեության պաշտոնական հավատարմագրում։ Պայմանների խախտման դեպքում այդ հավատարմագրումը կարող է հետ կանչվել։


Խարտիայում նշված է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում։ Դրանում նաեւ ամրագրված է մուսուլմանական համայնքների գործունեությանը ցանկացած օտարերկրյա միջամտության արգելք։

Նախագահ Մակրոնը եւ ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Ելիսեյան պալատում հանդիպում են ունեցել CFCM ութ առաջնորդների հետ։

«Սեւով սպիտակի վրա [խարտիայում] կամրագրվի երկու սկզբունք՝ հրաժարում քաղաքականացված իսլամից եւ ցանկացած օտարերկրյա միջամտությունից»,- այս հանդիպումից հետո Le Parisien պարբերականին հայտնել է կառավարական աղբյուրներից մեկը։

Հանդիպման ժամանակ համաձայնեցվել է նաեւ Իմամների ազգային խորհրդի ստեղծումը։Նախագահ Մակրոնը հայտարարել է նաեւ պայքարի նոր միջոցառումների մասին այն ամենի դեմ, ինչը նա անվանում է Ֆրանսիայում իսլամական սեպարատիզմ։ Այդ միջոցառումներն, ի թիվս այլոց, ներառելու են․

  • Տանը ուսուցման սահմանափակում եւ ավելի խիստ պատիժներ նրանց, ովքեր վախեցնում են պետական ծառայողներին՝ քողարկվելով կրոնական պատկերացումներով,
  • Յուրաքանչյուր երեխայի տալ նույնականացման համար՝ հավաստիանալու, որ նա հաճախում է դպրոց։ Ներկայումս Ֆրանսիայում թույլատրված տնային ուսուցումն արգելվելու է հաջորդ ուսումնական տարվանից։ Խախտման համար ծնողներին սպառնում է պատիժ՝ ընդհուպ մինչեւ 6 ամսով բանտարկությամբ եւ խոշոր տուգանքով,
  • Անհատական տվյալների տարածման արգելք այն միջոցներով, որոնք թույլ են տալիս կողմնակի մարդկանց գտնել մարդուն եւ նրան վնաս պատճառել։