Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նիգերում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեին եւ ֆրանսիացի այլ դիվանագետների «տառացիորեն պատանդ են պահում Ֆրանսիայի դեսպանատանը», տեղեկացրել է CNN-ը։

Ֆրանսիայի Կոտ դ՛Օր շրջան կատարած այցի ժամանակ Մակրոնն ասել է, որ դեսպանությունը Նիամեյում պարեն չի ստանում, եւ դեսպանը սնվում է զինվորական մթերաբաժնով։

«Դեսպան Սիլվեն Իտեն չի կարող դուրս գալ փողոց, նա պերսոնա նոն գրատա է հայտարարված, եւ նրան ուտելիք չեն տալիս»,- ասել է Մակրոնը։

Հուլիսին Նիգերում վերահսկողություն հաստատելով՝ ռազմական խունտան հրամայել է Իտեին հեռանալ երկրից։ Ավելի ուշ նրա վիզան զրոյացվել է, ոստիկանությանը հանձնարարվել է վտարել նրան երկրից։

Բայց դիվանագետը մնացել է, ֆրանսիական իշխանությունները նորից հայտարարել են, որ չեն ճանաչում խունտայի իշխանությունը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այնպես կարվի, որ դեսպանը հայրենիք վերադառնա, Մակրոնն ընդգծել է Նիգերի իշխանազրկված նախագահ Մոհամեդ Բազումի հեղինակությունը։

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք պայմանավորվենք նախագահ Բազումի հետ, որովհետեւ նա է լեգիտիմ իշխանությունը, եւ ես նրա հետ խոսում եմ ամեն օր»,- ասել է նա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնայի խոսքով՝ Իտեն շարունակում է աշխատել։

«Դեսպանն աշխատում է, ես կարող եմ հաստատել, եւ նա շատ օգտակար է իր թիմին»,- ասել է Կոլոնան LCI ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում»։

Կոլոնան ավելացրել է, որ Իտեն «կմնա այնքան ժամանակ, որքան մենք կուզենանք, որ նա մնա», եւ որ նրա վերադարձի հարցը Մակրոնի որոշումն է։