Ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան ժամանելու ցանկություն հայտնողների թիվը վերջին շրջանում դարձյալ աճել է։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ ինչպես այս փուլում Հայաստանից են մեկնում Ռուսաստան, այնպես էլ Ռուսաստանից Հայաստան եկողների հոսք կա։ Շատերն են դիմում իրենց՝ ցամաքային ճանապարհով մեկնելու ու ժամանելու համար, բայց Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին որոշում դեռ չկա։


«Անցյալ տարի մարտի 28-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց՝ սահմանափակելու ուղևորափոխադրումները։ Մինչև չլինի Ռուսաստանի կառավարության որոշում և նոր պայմաններ չներմուծվեն, փոփոխություն չի կարող լինել։ Վրաստանում էլ արգելված է օրենքի ուժով այլ երկրների քաղաքացիների շարժը՝ բացի Վրաստանի քաղաքացիներից»,- ասաց Թանանյանը։

Նրա խոսքով՝ իրեն դիմողների թիվը մեծ է։ «Ամբողջ Ռուսաստանից ինձ գիշեր-ցերեկ զանգում են։ Չմոռանանք, որ ընտանիքներ կան, որոնց մի երեխան մի կողմում է մնացել, մյուսը՝ այլ կողմում, ամուսինը երեխաների հետ Ռուսաստանում է, կինը՝ Հայաստանում։ Օդային ճանապարհը բացելուց հետո այդ հարցը մի փոքր լուծվեց, բայց մարդիկ չեն կարողանում մշտական վերադառնալ Հայաստան, քանի որ մեքենաներ ունեն, գույք ունեն, ցամաքային ճանապարհով են ուզում վերադառնալ»,- ասաց նա։

Արամ Թանանյանի խոսքով՝ այսօր այն իրավիճակը չէ, որ ավելի շատ հայեր են գնում Ռուսասատան, քան այնտեղից գալիս Հայաստան․ հոսքը եկկողմանի է։

«Հայաստանում չեն կարողանում ապրել, մտածում են՝ կգնան Ռուսաստան, մի աշխատանք կունենան ու կաշխատեն։ Ռուսաստանում չեն կարողանում ապրել, մտածում են, որ կգնան Հայաստան, ինչ-որ կերպ կապրեն, բարեկամների հույսով»,- ասաց նա։

Արամ Թանանյանի խոսքով՝ Հայաստանից դեպի Ռուսաստան մարդկանց հոսք ամեն տարի գարնանն ընդառաջ լինում է, աշխատանքային միգրանտները գնում են Ռուսաստան։ Դա սովորական միգրացիոն հոսք է։ «Արտառոց բան չկա, գուցե մի քիչ ավելանա հոսքը, գուցե պակասի, դեռ վիճակագրություն չունենք։ Ռուսաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ճգնաժամը շարունակվում է, այստեղ հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։ Հիմա շատերն են ուզում Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան։ Եթե մարդը վատ է ապրում, մտածում է՝ գնամ Հայաստան, գոնե բարեկամներս, հարազատներս մեզ կօգնեն, Ռուսաստանում ո՞ւմ ենք պետք։ Սա է վիճակը»,- հավելեց Արամ Թանանյանը։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/02/08/619437/