Հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի եւ Skims ներքնազգեստ արտադրող ընկերության եկամուտների շնորհիվ հայտնվել է Forbes-ի միլիարդատերի ցանկում։ Նրա եկամուտը հասել է 1 միլիարդ դոլարի։

2011թ․-ին, երբ Forbes-ն ուշադրություն էր հրավիրել Քիմ Քարդաշյանի վրա, նա 6,6 մլն հետեւորդ ուներ Twitter-ում (մի փոքր ավելի քիչ, քան Բարաք Օբաման եւ մի փոքր ավելի, քան դերասան Էշթոն Քութչերը)։ 2016թ․-ին նա հայտնվել էր պարբերականի շապիկին իր մասին «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի շնորհիվ, որը նրան 51 միլիոն դոլար էր բերել։ 2021թ․-ին Քիմ Քարդաշյան-Ուեսթը պաշտոնապես հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում։

 

Ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է մեկ միլիարդ դոլար: Դեռ 2020թ․-ի հոկտեմբերին Forbes-ի հաշվարկներով՝ նրա ունեցվածքը կազմում էր 780 միլիոն դոլար, սակայն KKW Beauty-ի եւ Skims-ի, ինչպես նաեւ իրապատում-շոուի եւ գովազդային պայմանագրերի եկամուտները հինգ ամսվա ընթացքում լրջորեն լավացրել են Քիմի ֆինանսական վիճակը։