ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել parliamentmonitoring.am-ին: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

- Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

- Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

- Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվո՞ւմ եք։

- Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

- Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

- Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու: