ՀՀ գլխավոր դատախազությունը օրենքի փոփոխության նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է բարձր վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեպքում խստացնել քրեական պատասխանատվությունը՝ նպատակ ունենալով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների թիվը:

 E-draft.am կայքում տեղադրված օրենքի նախագծից տեղեկանում ենք, որ առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում:

Տվյալ արարքը կարող է պատժվել կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ եւ որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով: