Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 11-ի որոշմամբ «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում։

Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։


Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական և նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։ Ներդրումների մոտ 89 տոկոսն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 դրամ: