ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. փետրվարի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:

1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Ա. Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: