Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությում, 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ:

Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի բերեց Ալեքսանյանին եւ 2-միավորանոց գցում կատարեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Ալեքսանյանին, բայց չկարողացավ գլորում կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 3:0 հաշվով՝ Մուրտազալիեւի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ գլորեց ռուսաստանցուն: Հաշիվը դարձավ 3:3: Մրցակիցը բողոքարկեց, որը չբավարարեցին: 4:3 հաշվից հետո Արթուր Ալեքսանյանը եւս 2 միավոր վաստակեց եւ գոտեմարտն ավարտեց 6:3 հաշվով:

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 8:3 հաշվով պարտության էր մատնել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգին: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտել էր բելառուս Աբուբակար Խաշլախանովի հետ եւ հաղթել 5:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2012, 2013, 2014, 2018, 2020 եւ 2023 թվականներին:

Գյումրեցի ըմբիշը 32 տարեկան է: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիո-2020-ի՝ արծաթե, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է, 2014, 2015, 2017 եւ 2022 թվականների աշխարհի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն:

2023 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր եւ նվաճել իր մարզական կարեիրայի 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Փետրվարի 13-ին Բուխարեսում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Եզրափակիչում Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով հաղթել է թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը: