Արցախի Քարագլուխ բարձունքը Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո է: Այս մասին երեկ ուշ երեկոյան 5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է Արցախի Ասկերանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:

«Ներկա դրությամբ, մենք ժամանակին, առանց որեւէ կորստի, առանց մեր ժողովրդին որեւէ վնաս պատճառելու ԱԱԾ-ի, ոստիկանության, փրկարար ծառայության հետ միասին կազմակերպված ձեւով կարողացել ենք երեխաներին ու կանանց ժամանակավոր տարհանել հարեւան գյուղեր: Դա անհրաժեշտություն էր նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Ադրբեջանցիները եկել են մտել են Փառուխ գյուղ, կարողացել են բարձրանալ Քարագլու տարածքի անտառի բերան, գյուղ չեն մտել: Իրավիճակը վերահսկելի է: Ներկա դրությամբ Քարագլուխը մեր ձեռքին է, մեր տղաները իրենց միջանցք են տվել, որ առանց կրակոցների դուրս գան գյուղի տարածքից: Ներկա դրությամբ սպասում ենք, որ իրենք պետք է դուրս գան Փառուխից»,-ասել է նա: