Բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսանքի են դուրս եկել Դիլիջան քաղաքի բակերից մեկում։ Եղջերուների մասնակցությամբ տեսանյութն այսօր հայտնվել է համացանցում։

««Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր»,– ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։


«Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032»,– գրել է նա։

Նշենք, որ եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։

Նախարարության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով (ապօրինի որս)։