ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի թագադրմանը մասնակցելու հրավերը, որը կայանալու է մայիսի 6-ին, գրել է The Mirror-ը։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը պատվիրակություն կուղարկի, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մերժել է հրավերը։


Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներից ովքեր են ընտրվել այդ արարողությանը մասնակցելու համար, բայց ենթադրվում է, որ ամուսնու փոխարեն կարող է մեկնել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Արարողությանը ներկա կլինեն պետությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից, ներառյալ ԵՄ-ի երեք բարձրաստիճան ներկայացուցիչները՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ռոբերտա Մեթսոլան եւ Շառլ Միշելը։

Ներկա կլինի նաեւ Շոտլանդիայի առաջին նախարար Հումզա Յուսաֆը։

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քարեն Փիրսը եւ Բուկինգհեմի պալատի օգնականները Սպիտակ տանը տեղեկացրել են, որ Բայդենն արդեն այլ թեկնածուներ ունի։

Նրանք նաեւ տեղեկացրել են, որ Բայդենը մտադիր է պատվիրակություն ուղարկել, եւ որ նա կարող է թագավորի հետ հանդիպել ապրիլի 11-ին Հյուսիսային Իռլանդիա կատարելիք այցի ժամանակ։

Չնայած սրան՝ պաշտոնական պատասխան չի եղել, եւ աղբյուրները կարծում են, որ «գուցե դեռ որոշ ջանքեր են գործադրվում՝ պարզելու համար, թե կարելի է արդյոք Բայդենին համոզել գալ թագադրմանը», քանի որ ամերիկացի մի բարձրաստիճան աղբյուր տեղեկացրել է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Բայդենի եւ Մեծ Բրիտանիայի թագավորի հարաբերություններն «ամուր» են։

Սակայն խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ, պահպանողական Բոբ Սիլին հայտարարել է, որ Սպիտակ տունը «հիմար որոշում» է կայացրել։

«Ես պետք է ասեմ, որ սա բավական քամահրական վերաբերմունք է, եւ նա շատ ավելի հիմար է, որ չի գալու։ Սա իրադարձություն է, որը կյանքում մեկ անգամ է լինում, եւ կարելի էր մտածել, որ պետք է գա, որովհետեւ պետության ղեկավար է։ Սա պարզապես հիմար որոշում է»,- ասել է բրիտանացի քաղաքական գործիչը։

«Չնայած հույս ունենք, որ Ջո Բայդենը կհրավիրվի, չկա պատմական արձանագրություն, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահը պետք է ներկա գտնվի թագադրումներին, ուստի մենք չպետք է չափից շատ կարդանք որեւէ բացակայության մասին։ Ամերիկան ներկայացված կլինի, եւ ցուցադրական կլինի, թե նախագահն ում կորոշի ուղարկել»,- հակառակ կարծիք է հայտնել Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահը։