Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով մեղադրյալներից կապիտան Եղիշե Հակոբյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ առայժմ բողոքը չի մակագրվել:


Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։