Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է.

«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում: Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է.

«Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար: Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»: