ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումներին:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ «ես իր հետ չեմ խոսի, նույն սեղանի շուրջ չեմ նստի»: ՀՀ իշխանությանն ասեք ձևը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրար հետ նստելու մի սեղանի շուրջ»,-ասաց Փաշինյանը:


Նա կարծում է, թե Արցախի հարցով «մենք մեզ խաբել ենք». «Մենք չասացինք՝ ժողովո՛ւրդ, գիտեք ինչ, չի լինի, որ հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ ստատուս քվոն պահպանվի, չի լինի նման բան»:

Նա նշեց, թե զգացողություն չի եղել, թե որտեղ է ավարտվում զիջումը. «Այն զգացողությունը, որ զիջելուց հետո նոր պահանջ է լինելու… ի միջիայլոց, Սերժ Սարգսյանի բանակցային պատմությունը դա է ցույց տվել ու, այո՛, այն, որ մեզ ուզում են ոչնչացնել, շատ հստակ գիտակցությունն է, որ թույլ չի տվել դա անել, որովհետև, եթե լիներ զգացողություն, որ մի գիծ կա, որ զիջում ենք ու դրանով ավարտվում է, մենք ստանում ենք խաղաղություն, այդ զիջումը կլիներ», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, թե պետք է կառավարել ուրիշների՝ մեզ ոչնչացնելու մղումը: