Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում հավանություն է տվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագիրը նախաձեռնել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):

Ըստ հիմնավորման, կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսվում է առաջիկա տարիներին ստեղծել ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններում օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ավտոմատացված հաղորդման և օտարերկրյա իրավասու մարմինների հետ փոխանակման, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտների կողմից օտարերկրյա պետությունների ֆինանսական հաստատություններում ունեցած հաշիվների վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմիններից ստացվող տեղեկությունների օգտագործման համակարգ:

Սա թույլ կտա երկրներին տեղեկություններ ստանալ իրենց քաղաքացիների արտասահմանյան բանկային հաշիվների մասին (այդ թվում՝ քրեական հետախուզության համար):

Հայաստանը պատրաստվում է ներդնել տեղական բանկերից նման տվյալների հավաքագրման, դրանք պահպանելու և գործընկեր երկրների լիազոր մարմիններին փոխանցելու ստանդարտ (հիմնավորված խնդրանքով): Իր հերթին, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն կկարողանա ստանալ նույն տվյալները արտերկրում գտնվող իր քաղաքացիների հաշիվների վերաբերյալ։

Համաձայնագրին միացել է 119 երկիր, և այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանը կարող է ՏՀԶԿ-ին տեղեկացնել, թե որ երկրների հետ է պատրաստ կամ պատրաստ չէ տեղեկատվություն փոխանակել։