Վերջերս Ռուսաստանում ստեղծվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի գաղափարների ուսումնասիրման առաջին լաբորատորիան (Xi Jinping Thought Research Laboratory) Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չինաստանի եւ ժամանակակից Ասիայի ինստիտուտի հիմքի վրա։ Սա առաջին գիտական կենտրոնն է Չինաստանի սահմաններից դուրս, որը մասնագիտանալու է սոցիալիզմի մասին Չինաստանի ժամանակակից գաղափարաբանության ուսումնասիրման ուղղությամբ, տեղեկացրել է «Սինհուան»։

«Մենք լավ ենք հասկանում, որ այսօր Սի Ծինփինի գաղափարներն են որոշում Չինաստանի քաղաքականությունը շատ ուղղություններում։ Դա ե՛ւ ներքին քաղաքականությունն է, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, ե՛ւ տնտեսական քաղաքականությունը, եւ անգամ մշակույթի, գիտության քաղաքականությունը։ Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է երկար։ Հետեւաբար, այն որոշելու է Չինաստանի գործունեությունը երկար ժամանակի համար»,- ընդգծել է ինստիտուտի տնօրեն Կիրիլ Բաբաեւը՝ մեկնաբանելով լաբորատորիայի ստեղծման նպատակները։

Լաբորատորիայի կազմում են ոչ միայն Չինաստանի եւ ժամանակակից Ասիայի ինստիտուտի աշխատակիցները, այլեւ Չինաստանի արդի գաղափարաբանության լավագույն մասնագետները ռուսական այլ գիտական կենտրոններից, մասնավորապես՝ ՌԳԱ Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտից եւ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցից։ Հետազոտությունները վերաբերելու են Սի Ծինփինի գաղափարներին տնտեսության, արտաքին եւ ներքին քաղաքականության, ինչպես նաեւ սոցիալական քաղաքականության, մշակույթի, արվեստի եւ բնապահպանության ոլորտներում։

Լաբորատորիայի խնդիրն է շփումներ հաստատել չինական գիտական կենտրոնների հետ, մի քանի համատեղ համաժողովներ եւ կլոր սեղաններ անցկացնել։ Աշխատանքի արդյունքներով 2025թ. կհրապարակվի մեծ գիտական մենագրություն, որը ռուս ընթերցողներին կծանոթացնի Սի Ծինփինի գաղափարներին եւ դրանց նշանակությանը Չինաստանի զարգացման եւ, իհարկե, ռուս-չինական հարաբերությունների համար, նշել է Բաբաեւը։

«Մենք պետք է իմանանք եւ շատ լավ վերլուծենք Սի Ծինփինի գաղափարները, որովհետեւ Չինաստանն այսօր մեր գլխավոր ռազմավարական գործընկերն է, գլխավոր տնտեսական գործընկերը։ Փոխհարաբերություններն ավելի արդյունավետ կառուցելու համար մեր կառավարությունը պետք է լավ հասկանա, թե որն է այսօրվա Չինաստանի զարգացման գաղափարական հիմքը»,- ասել է ինստիտուտի տնօրենը։