Բեռնատարները սպասում են Լաչինի միջանցք մտնելուն, եթե Ադրբեջանն այդ հնարավորությունը տա, սակայն արդեն երկրորդ օրն է, որ հումանիտար բեռները կանգնած են Կոռնիձորում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Կոռնիձորում դիմելով Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Իր հերթին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Ուրախ եմ, որ եկել եք այստեղ՝ տեղում տեսնելու, ծանոթանալու իրավիճակին: Նախեւառաջ, ուզում եմ տեղեկացնել, որ Հակարի կամուրջը այս մասում է, որը կարող եք տեսնել եւ որն արգելափակված է Ադրբեջանի կողմից:


Ինչ վերաբերում է հումանիտար բեռներին, դուք կարող եք տեսնել, որ այս բեռնատարները տեւական ժամանակ այստեղ են: Մինչ այս պահը մենք կարողանում էինք շատ փոքր ծավալներով դեպի Արցախ սննդամթերք եւ դեղորայք ուղարկել, բայց վերջին ժամանակերում դա բացարձակ անհնար է դարձել: Դուք տեսնում եք, որ բեռնատարները կանգնած են եւ անհնար է բեռները տեղափոխել սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ:

Այնտեղ քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները: Ես տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց այդ ինտեգրացիան արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»:

Մարզպետի խոսքով, մոտեցումը, որ մարդկանց, երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են ուզում հասնել, չի կարող ընդունելի համարվել ժամանակակից աշխարհում:

«Հակարի կամրջի ամբողջ երկայնքով տեղակայված են իրենց զորքերը, եւ խորությամբ նույնպես: Ես վերլուծությունները թողնում եմ ձեզ, եւ կրկին անգամ շնորհակալ եմ, որ եկել եք տեղում տեսնելու եւ հասկանալու իրավիճակը:

Տասնյակ հազարավոր քաղցած, դեղորայքի կարիք ունեցող մարդիկ այն կողմում են, բեռները՝ այս կողմում»,-ընդգծեց Ղուկասյանը: