«Վագներ» ՄՌԿ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է մարտիկների հավաքագրումը եւ առայժմ չի նախատեսում հավաքագրման նոր կենտրոններ բացել։ Այս մասին տեղեկացրել է ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, նրա ձայնային հաղորդագրությունը հրապարակվել է ՄՌԿ-ին մոտ Grey Zone թելեգրամ-ալիքում։

«Ներկա պահին [«Վագներ» ՄՌԿ] հավաքագրման կենտրոնների բացումն առայժմ որոշված չէ։ Որպեսզի գաղտնիքներ եւ անդրկուլիսյան խոսակցություններ չլինեն, ես տեղեկացնում եմ. «Վագներ» խումբը շարունակում է իր գործունեությունն Աֆրիկայում, ինչպես նաեւ Բելառուսի նախապատրաստական կենտրոններում։ Մենք առայժմ անձնակազմի պակաս չունենք, մենք չենք նախատեսում նոր հավաքագրում իրականացնել»,- ասել է Պրիգոժինը։

Նրա խոսքով՝ այսօր ՄՌԿ-ն կողմնորոշվում է հետեւյալ խնդիրների շուրջ, որոնց «ուրվագիծը ավելի ու ավելի հստակ է երեւում»։ «Անշուշտ, դրանք այն խնդիրներն են, որոնք կկատարվեն հանուն Ռուսաստանի վեհության»,- ավելացրել է գործարարը։

Նա նաեւ նշել է, որ ՄՌԿ մարտիկների մեծ մասը նախկինի պես արձակուրդում է, քանի որ դրանից առաջ «շատ լարված աշխատանքի» մեջ է եղել։

ՄՌԿ մարտիկների մի մասը տեղափոխվել է Բելառուս Ռուսաստանում խռովության փորձից հետո։ ՄՌԿ-ն տեղակայվել է Ցել գյուղի ճամբարում, Օսիպովիչի քաղաքից 20 կիլոմետր հեռու։