ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում ՊՆ–ն ինչ ուզել է, ունեցել է։ Այս մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` «ամեն ինչ բանակի համար», բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի լրացուցիչ գնումներ։ Նա շեշտեց, որ բանակն իրենից ինչ ուզել է, ունեցել է։

«Ես` որպես կառավարության անդամ, ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել, և իմ բարձրացրած հարցերը ստացել են հստակ պատասխաններ և լուծումներ։ Ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց ես չեմ ընդունում նրա այդ հայտարարությունը։ Ես այդպես չէի ձևակերպի»,– ասաց Տոնոյանը։

Նախկին նախարարը խուսափեց պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալուց` նշելով, որ դա պետք է անի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

«Այդ օրերին ես եղել եմ իր ենթական և, ինչպես ասեցի, շատ ճգնաժամային շրջանում մարտավարական խնդիրներ եմ լուծել ու քաղաքական հարցերից կտրված եմ եղել։ Կոռեկտ չէ որպես նախկին պաշտպանության նախարար գնահատականներ տալ»,– ասաց նա։

Նա վստահեցրեց, որ ՊՆ–ն ու ինքն անձամբ` որպես նախարար, կատարել է իր գործառույթը, իսկ վարչապետի կողմից չի ունեցել որևէ խոչընդոտ այդ գործառույթն իրականացնելու ընթացքում։