Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի եւ փոխադարձ հարգանքի հիմքում է ընկած:

Մեր վերջին հանդիպման ժամանակ հանձնառություն ստանձնեցինք լավագույնս իրացնելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա ներուժը, եւ այժմ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թեւակոխել է որակապես նոր փուլ, ինչի վկայությունն է մեր երկրների միջեւ երկկողմ օրակարգի եւ երկխոսության ակտիվացումը:

Մենք կարեւորում ենք ժողովրդավարական արժեքների կրող Հնդկաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ եւ սատարում միջազգային ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Հնդկաստանի ջանքերին:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի, ինչին էապես կնպաստեն կողմերի միջեւ բարձրաստիճան փոխայցելությունները: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու իմ հրավերը:

Ձերդ գերազանցություն, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք եւ բարօրություն»: