«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 23–ին, նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն վարչական շրջանից։

Քաղաքացիների հետ զրույցում Ավինյանը հայտարարեց, որ ինչպես խոստացել էր, լուծել է հանրային տրանսպորտի հարցը, սակայն, նուբարաշենցիներից մեկն ընդհատեց նրան. «Էս շոգին 50 րոպե սպասում ենք 97 եւ 10 համարներին»։ Մեկ այլ քաղաքացի էլ բողոքեց, թե ինչու քաղաքապետարանը հետեւողական չի, որ ավտոբուսների վարորդները չծխեն։

«Ինձ մեկ շաբաթ ժամանակ տվեք եւ ես հարցը կլուծեմ»,– հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։

Քաղաքացիները դժգոհեցին նաեւ աղբավայրից, ոռոգման ջրից։ Ավինյանը խոստացավ 5 տարում լուծել աղբավայրի խնդիրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Օգոստոսի 23–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։