Ադրբեջանի հարձակումը ոչ միայն ԼՂ-ի վրա է, թիրախում նաեւ Հայաստանն է, որովհետեւ հասկանալի պատճառով ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դուք դա տեսել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ, նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանում հարձակման էին ենթարկվում կառավարական շենքերը, եւ այսօր էլ դուք տեսել եք, որ Հանրապետության հրապարակում որոշ ուժեր, բնականաբար, արտաքին ուժերի աջակցությամբ, համենայնդեպս, նրանց խոսույթներն առաջ տանելով, փորձում էին Հայաստանում թիրախավորել իշխանությանը»,-ասաց նա:


Հարցին, թե ինչու իշխանությունը չի չեզոքացրել այդ մարդկանց, եթե հայտարարում է, որ նրանք այլ երկրի գործակալ են, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Դա ունի եւ սուբյեկտիվ, եւ օբյեկտիվ պատճառներ: Այդ մարդիկ օգտագործվում են այլ երկրների կողմից: Ճիշտ հարց եք բարձրացնում, թե ինչու են այդ մարդիկ դեռեւս դրսում: Հանրության աջակցությունը նրանց ադեկվատ է եւ կարծում եմ՝ հանրությունը պետք է շարունակի ուշադրություն չդարձնել նրանց: Իշխանությունը պետք է շարունակի ուշադրություն դարձնել եւ նա քայլեր է ձեռնարկում»:

Անդրադառնալով ընդդիմության պնդմանը, որ այս իշխանությունը հետեւողականորեն փչացրել է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ հիմա ՌԴ-ն վերադարձում է «պարտքը», Արմեն Գրիգորյանն ասաց. «Նախ, եթե նրանք հայ-ռուսական հարաբերություններն ընկալում են այդ տեսանկյունից, եւ Ռուսաստանի շահերը այդպես են ձեւակերպում, այսինքն անհատների մակարդակով, դա նշանակում է, որ կարող ենք ՌԴ-ն լուրջ չընկալել այդ տեսանկյունից:

Ինչ վերաբերում է քարոզին, որ Հայաստանն է մեղավոր, նախ այդ հարձակումը Ադրբեջանն է կազմակերպել, իսկ այդ մարդիկ մեղադրում են ՀՀ իշխանություններին»:

ԱԽ քարտուղարը նկատեց, որ Ռուսաստանը վաղուցվանից է համագործակցում Ադրբեջանի հետ, նրան 5 մլրդ դոլարի զենք է վաճառել 2011-ից ի վեր: «Այն հանգամանքը, որ 2018-ից սկսած Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի կատարել, առնվազն մինչեւ 2021-2022 թվականները, միանշանակ է, որ դա զուտ մեղադրանք մեղադրանք ներկայացնելու պատճառ է: ՌԴ-ն ունի հստակ պարտավորություններ նոյեմբերի 9-ով ԼՂ-ն պաշտպանելու: Այդտեղ կա ՌԴ նախագահի ստորագրությունը: Այսինքն յդ ստորագրությունը հե՞չ, Հայաստանի իշխանությունների մեղադրանքն է կարեւո՞ր»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Նա նկատեց, որ 2021-ի մայիսին, նոյեմբերին, երբ չկար Պրահայի հանդիպում, եւ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ՌԴ-ն էլի չկատարեց իր պարտավորությունները. «Անվերջ կարելի է Հայաստանին մեղադրել, ասել՝ ձեր աչքերի գույնը լավը չի, դրա համար չենք ուզում ձեզ պաշտպանել»: