Հայաստանի Հանրապետությունը ամիսներ շարունակ դիմել, ահազանգել, տեղեկացրել, արձագանք, միջամտություն է պահանջել բազմաթիվ միջազգային կառույցներից և, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից և նրա համապատասխան գործակալություններից, տեղի են ունեցել այդ թվում նաև ԱԽ նիստեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի առաքելության խմբի ԼՂ կատարած այցի ընթացքում արձանագրումներին, ինչպես նաև պատասխանելով հարցին,թե արդյո՞ք որևէ քննություն կիրականացվի դիտորդական առաքելության գործունեության հետ կապված:

«Մենք համարժեք արձագանք, դժբախտաբար, չենք ստացել, և այս մասին բարձրաձայնել ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի առաքելության խմբի բուն այցին, Միրզոյանի գնահատականը հետևյալն է․ «Վկայակոչում եք մեկ թե երկու օր առաջ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը ԼՂ. դրան իմ արձագանքը հետևյալն է. եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ:

Մյուս կողմից ես ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալություններն այս պարագայում, այո՛, ցավոք ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն: Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության՝ այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:

Համենայնդեպս, սա այն է, ինչը ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից. կսպասենք, կտեսնենք»,- ասաց Արարատ Միրզոյանը: