Թուրքական Կայսերի քաղաքի բնակիչն իր տան տակ մոտ 2000-ամյա ստորգետնյա քաղաք է հայտնաբերել, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։

«Մուսթաֆա Հալըջըօղլուն, որն ապրում է Կայսերիում, իր տան տակ, որն սկսել է նորոգել հինգ տարի առաջ, հայտնաբերել է 2000-ամյա ստորգետնյա քաղաք»,- տեղեկացվել է սյուժեում։

Հալըջըօղլուն պատմել է, որ իր տան տակ գտնվող տարածքը ընտանիքի անդամները երկար ժամանակ օգտագործել են որպես նկուղ եւ հարդ պահելու տեղ։ Այն բանից հետո, երբ նա կարողացել է մաքրել տեղանքը ցեխից, նրա աչքերի առջեւ բացվել է թունելների ցանց։ Նրա գնահատմամբ՝ ստորգետնյա քաղաքի ընդհանոր մակերեսը կազմում է 300 քառակուսի մետր։

Պրոֆեսոր Օսման Օզսոյը հավելում է, որ Հալըջըօղլուի տան տակ գտնվում են միմյանցից անկախ առնվազն երկու շերտեր, որոնք կարելի է անցնել թունելներով։

Կայսերի քաղաքը հին Կապադովկիայի տեղում է, այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ ստորգետնյա քաղաքներ եւ քարայր-վանքեր, իսկ քաղաքն ինքը հնում անվանվել է Կեսարիա կամ Ցեզարեա եւ եղել է հռոմեական նահանգի կենտրոնը։