Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը: Այնտեղ, փաստորեն, հնարավոր կլիներ բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս և մանրամասնորեն արտահայտվել է թե՛ նախագահի, թե՛ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մենք մշտապես պատրաստ ենք հարցերը քննարկել հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ձևով»,- ասել է նա։