Հունվարի 1-ի առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանգստանում էր Սանտա Կրուս կղզում, երբ ազգային անվտանգության գծով իր թիմի խորհրդակցություն գումարեց, գրել է Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ի տեղեկացմամբ՝ այդ հանդիպումը սկիզբ դրեց 12-օրյա դիվանագիտության ու ռազմական պլանավորման համար, որոնք ավարտվեցին հութիների ավելի քան 60 թիրախներին հասցված ավիահարվածներով։

«Հարվածները, որոնք հասցվեցին հինգշաբթի երեկոյան, իսկ հետո հարված հասցվեց ռադարի կայանքին ուրբաթ օրը երեկոյան, ամենամասշտաբային ռազմական գործողություններն էին, որոնք նախաձեռնել է Միացյալ Նահանգները հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Բայդենն ասել է, որ այդ ռազմական գործողությունները «հստակ ազդանշան» են հղել»,- գրել է ԶԼՄ-ն։

Գործակալությունը նշել է, որ Բայդենը խորհրդակցությւան ժամանակ իր թիմին հանձնարարել է արագացնել հութիների գրոհների դատապարտման ջանքերը ՄԱԿ-ում։ Նա նաեւ ցուցում է տվել պատրաստվել գործողությունների՝ դիվանագիտության ձախողման դեպքում՝ կարգադրելով զինվորականներին ճշտել թիրախների ցուցակները։

Հաջորդ օրերին, բրիտանացի քաղաքական գործիչների եւ մասնագետների հետ քննարկումներից հետո, այդ գործողություններն արագացան։ Երկու երկրները քննարկեցին տարբերակները, որոնք ներառում էին հատուկ ջոկատների, գործողությունները ծովում եւ հարվածները ցամաքում։ ԱՄՆ-ն պնդում էր, որ գործողությունները վճռական լինեն, մինչդեռ Մեծ Բրիտանիան, եվրոպական եւ մերձավորարեւելյան դաշնակիցները նախազգուշացնում էին, որ դա կարող է Արեւմուտքին ներքաշել Իրանի հետ ուղիղ առճակատման մեջ։

Մասնավոր դիվանագիտությունը եւ հրապարակային հայտարարությունները շարունակվում էին։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ն եւ 13 այլ երկրներ հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում նախազգուշացնում էին «հետեւանքների» մասին, եթե հութիները չդադարեցնեն գրոհները Կարմիր ծովում։

ԱՄՆ-ն մասնավոր կարգով Իրանին «հութիների գրոհները դադարեցնելու» կոչ արեց։ Թեհրանը պատասխանեց, որ չի վերահսկում նրանց, չնայած «բրիտանական հետախուզությունը տեղեկացնում էր, որ հութիները լրացնում են զինապաշարները, որոնք կարող են մատակարարվել Իրանից»։

Հունվարի 9-ին հութիների զանգվածային գրոհը վկայեց այն մասին, որ դիվանագիտությունը հազիվ թե հաջող կարող է լինել։ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը խոշոր հթրիռային եւ անօդաչուների գրոհ իրականացրեց Կարմիր ծովում. ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի զորքերը խփեցին 18 անօդաչու եւ երեք հականավային հրթիռ։

Բայդենի թիմը հունվարի 9-ին նորից հանդիպեց նախագահի հետ, այս անգամ Վաշինգտոնում։ Նրան ներկայացվեցին պոտենցիալ թիրախները, իսկ հարվածներն իրականացնելու էր ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։ Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նախագահն ընտրեց առավել ագրեսիվ տարբերակներից մեկը։

Հանդիպման ավարտին Բայդենը հանձնարարեց պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ռազմական պատասխան պատրաստել։ Օսթինը խորհրդակցության եկավ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմական կենտրոնի հոսպիտալից, նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղի հետվիրահատական բարդություններ էին առաջացել»,- նշել է գործակալությունը։