Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:

Նախ ներկայացվել է 3-րդ նիստում հաստատված «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծում» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Նախագիծը կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը: Արդյունքում՝ կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մանրամասնելով, նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ, Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, ովքեր պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն: «Նաև պետք է ներգրավենք արդյունաբերական ընկերությունների, որոնք արդեն արդյունաբերական պարկում կստեղծեն իրենց հզորությունները: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում»,- հավելել է Էկոնոմիկայի նախարարը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել նախնական հավանություն տալ նախագծին: Վարչապետը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը նախագծի իրականացման «ճանապարհային քարտեզ» ձևավորել՝ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով: