Վերջին իրավիճակը մեծապես խեղաթյուրել է փաստերը եւ արժեզրկել է էկոնոմիկայի նախարարության թիմի աշխատանքը, որը վերջին տարիներին հսկայական ռեսուրսներ է դնում տնտեսության ֆենոմենալ աճի համար: Այս մասին նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում վերջին սկանդալային զարգացումներին:

«Ես առավելապես խոսում եմ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի հետ փոխկապակցված գործի մասին:

Անի Իսպիրյանը հիմա տանն է: Նա Ռուսաստանից վերադարձել է Հայաստան «Ի գործ» ծրագրով, 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դա իմ կարծիքով շատ հայանվեր քայլ է և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքը իր հետ, միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ։ Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է։

Նախ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է։ Եվ ես ունեմ աննկուն հավատարմություն այդ գործընթացի նկատմամբ։ Կոռուպցիան, ինքը քաղցկեղ է, որը քայքայում է մեր հասարակությունը, մեր տնտեսական աճը և մեր պարտքն է այն արմատախիլ անել։

Ես հասկանում եմ, որ Անի Իսպիրյանի դեմ մեղադրանքները կարող են կասկածներ առաջացնել հանրության մեջ, բայց պետք չի շտապ եզրակացություններ անել։

2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույնկերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին, բայց արդեն 3 տարի է անցել, բայց մենք դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք, սպասենք թե ուր են տանում իրադարձությունները»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով Անի Իսպիրյանի հետ փոխկապակցված գործին, նախարարն ասաց. «Քանի որ դա կառավարության միջոցառումների ծրագրի մեջ ընդգրկված ծրագիր է եղել, ես պարբերաբար տեղեկացված եմ եղել, թե ինչպիսի ընթացք ունի, ինչքան արագ ենք կարողանում կատարել կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված մեր պարտավորությունները: Ես առավել քան վստահ եմ, որ այն պրոցեսները, որոնք ընթացել են, ամբողջությամբ համապատասխանում են Գնումների մասին օրենքին:

Ես դետալները չգիտեմ, թե գնումների հանձնաժողովն ինչպիսի գործողություններ է արել, ուղղակի ցանկացած զեկուցման ժամանակ ես վստահեցվել եմ, որ գնումների մասին եւ ընդհանրապես ՀՀ օրենսդրությունը պաշտպանվել է»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, ըստ այդ միջոցառման Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ձեռք բերեր «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ» կոչվող ծրագրային ապահովումը, որպեսզի այն տասնյակ, հարյուրավոր կապիտալ ներդրումային ծրագրերը, որոնք արվում են պետության կողմից, պատշաճ կերպով վերահսկվեին: Դա IT ծրագիր է:

Դա մրցութային պրոցես է եղել, որին մասնակցել են երկու ընկերություն եւ այն մեղադրանքները, որոնք մենք ունենք, որ ինչ-որ մի ընկերության շահերը ոտնահարվել են, իրականում այսօր էկոնոմիկայի նախարարության պայմանագիրը հենց այդ ընկերության հետ է: Այն պնդումը, որ պետությանը էական վնասներ են հասցվել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Մյուս կազմակերպությունը ինչ-որ փուլում ճանաչվել է հաղթող, սակայն բողոքարկումների ընթացքում վերանայվել է այդ որոշումը եւ հաղթող է ճանաչվել մյուս ընկերությունը, որի շահերն իբր թե ոտնահարվել են»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նա օրինակ բերեց, որ նույն էկոնոմիկայի նախարարությունում մարդիկ չեն ցանկանում աշխատել ռիսկային բաժիններում, որտեղ մեծ գումարների հետ կապված գործառույթներ են իրականացվում. «Դա պարալիզացնում է մեր աշխատանքը, մարդիկ ասում են՝ որտե՞ղ է երաշխիքը, որ մեր ցանկացած որոշում չի համարվի պաշտոնի չարաշահում: Իսկ դատարան գնալ;ը համբավի ոտնահարում է, ժամանակի կորուստ է, ընտանիքի հետ կապված բազմաթիվ հարցեր են: Ոչ ոք չի ուզում հասնել այդ փուլին»:

Դիտրակմանը, որ ըստ գործի նյութերի Անի Իսպիրյանը մեղադրվում է, որ հօգուտ այդ կազմակերպության ինչ-որ գործողություններ է արել, նախարարն ասաց. «Մեր ցանկացած գործողություն հօգուտ ինչ-որ կազմակերպության է: Պետք է ապացուցվի, որ այդտեղ եղել է կոռուպցիոն շահ: ՔԿ-ի բոլոր հայտարարություններում կոռուպցիոն շահը չի նկարագրվում, չի ասվում՝ էս մարդը որոշում է կայացրել, որովհետեւ ուներ այս շահը: Թող ապացուցեն, նոր կալանավորեն: Ես կասկածում եմ, որ իրավապահներն ունեն այդ ապացույցները: Երկու դեպքում էլ չեն ասում, որ այս մարդիկ կաշառք են վերցրել, որովհետեւ այդ մարդիկ իրենց բարեկամն են կամ կա կոռուպցիոն փաստ»,- հայտարարեց Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: