Եմենի հարավարեւմտյան ափերի մոտ նորից նավի վրա գրոհ է տեղի ունեցել։ Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ ծովային առեւտրափոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO) տեղեկացրել է երկուշաբթի՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպի մասին Մոխա նավահանգստային քաղաքից 35 ծովային մղոն հեռավորության վրա։

«Կապիտանը տեղեկացրել է նավին շատ մոտ տեղի ունեցած պայթյունի մասին, ինչը վնասել է նավը։ Կապիտանը նաեւ տեղեկացրել է, որ անձնակազմի բոլոր անդամները անվտանգ պայմաններում են»,- նշել են UKMTO-ում։ Կենտրոնը նավի անունը եւ տեսակը չի նշել։

Ավելի ուշ գերատեսչությունում նշել են, որ անձնակազմը, ռազմական իշխանությունների տեղեկություններով, հեռացել է նավից։ Նավերին խորհուրդ է տրվում նավարկել զգուշությամբ եւ տեղեկացնել ցանկացած կասկածելի գործունեության մասին, ավելացրել են UKMTO-ում։